HERE AND BEYOND
Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում
Մամուլի կենտրոն

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիան) Հայաստանի խոշորագույն բանկ Ամերիաբանկին շնորհեց երկու մրցանակ` «Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում սարքավորումների ֆինանսավորման գծով 2019թ. լավագույն գործընկեր-բանկ» մրցանակը և «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2019թ. լավագույն թողարկող բանկ» մրցանակը: «Կովկասում և Կենտրոնական Ասիայում լավագույն թողարկող բանկ» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է արդեն երկրորդ անգամ:

Մրցանակները վկայում են առևտրի ֆինանսավորման ոլորտում Ամերիաբանկի հաջողության մասին: Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի (GTFP) շրջանակներում IFC-ի երաշխավորությամբ թողարկված վարկային նամակների ներքո Ամերիաբանկը ներգրավել է կարճաժամկետ և երկարաժամկետ ֆինանսավորում, որն ուղղվել է գյուղատնտեսության և ճանապարհաշինության ոլորտներում աշխատող ընկերությունների կողմից գերժամանակակից էներգախնայող սարքավորումների ձեռքբերմանը: 

Մրցանակներն Ամերիաբանկին Երևանում շնորհեց IFC-ի` Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի գծով փոխնախագահ Ջորջինա Բեյքերը, որը նշեց. «IFC-ն շատ է կարևորում առևտրի ֆինանսավորումը որպես մի ոլորտ, որը կարող է մեծ ազդեցություն ունենալ տնտեսական ակտիվության և զարգացման համար: Հայաստանում մեր վաղեմի գործընկեր Ամերիաբանկը մեր աջակցությամբ ֆինանսավորում է ջերմոցային տնտեսության և ճանապարհաշինության ոլորտներում աշխատող ընկերություններին, նրանց աջակցում էներգախնայող սարքավորումների ձեռքբերման հարցում` նպաստելով տնտեսական աճին և ստեղծելով նոր աշխատատեղեր: Այս երկու մրցանակներն իրավամբ վկայում են Ամերիաբանկի մեծ հաջողության մասին, որին բանկը հասել է` համագործակցելով IFC-ի հետ»:  

«Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում սարքավորումների ֆինանսավորման գծով լավագույն գործընկեր-բանկ» մրցանակն IFC-ն այս տարի շնորհում է առաջին անգամ: Մրցանակի նպատակն է խրախուսել Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի` միջնաժամկետ (մինչև 5 տարով) գործարքների գծով պարտավորությունները երաշխավորող հատվածի լավագույն և ամենաակտիվ գործընկերներին: Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի միջնաժամկետ հատվածի շահառուներն են կլիմայի փոփոխությունը կանխելուն ուղղված սարքավորումներ ձեռք բերող ձեռնարկությունները:

Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը նշեց. «Մենք բարձր ենք գնահատում IFC-ի կողմից շնորհված մրցանակները: Մեզ համար մեծ պատիվ է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արժանանալ մրցանակի, որը շնորհվում է առաջին անգամ: Առևտրի ֆինանսավորման ուղղությամբ մենք համագործակցում ենք IFC-ի հետ դեռևս 2009թ-ից և դրա շնորհիվ կարողացել ենք էապես մեծացնել Հայաստանում առևտրի ֆինանսավորման ծավալը: Ես վստահ եմ, որ շարունակական համագործակցության արդյունքում մեր համատեղ ջանքերը էլ ավելի կնպաստեն Հայաստանի բանկային հատվածի և մեր երկրի տնտեսության աճին»: 

 

      

      

      

      

           

Թարմացված է առ 25.02.2020 թ., 17:39
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: