HERE AND BEYOND
Փոփոխության հաջորդ փուլը թվային բանկինգն է:
Մամուլի կենտրոն

 

GlobalMarkets. Պ-ն Հանեսյա´ն, վերջին տարում Հայաստանի բանկային շուկան զգալի աճ է արձանագրել: Ի՞նչն է նպաստել դրան:

Արտակ Հանեսյան, Ամերիաբանկ. պատճառներից մեկը, որը կցանկանայի նշել, վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական աճն է: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում իրականացվում են քաղաքական և տնտեսական բարեփոխումներ: Սկսվել է կոռուպցիայի դեմ մեծածավալ պայքար: Այս ամենը նպաստել է միջազգային շուկայում Հայաստանի վարկանիշի, ինչպես նաև մեր երկրի, հայկական տնտեսության և անշարժ գույքի շուկայի նկատմամբ վստահության աճին: Տնտեսական աճի առումով զգալի դեր են խաղացել մասնավոր հատվածը ֆինանսավորող բանկերը: Հայաստանի ակտիվների հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմել է 83%: Այս ցուցանիշը մոտ է Արևելյան Եվրոպայի երկրների ցուցանիշին: Այն ցույց է տալիս, թե բանկերը գնալով ինչ մեծ դեր են  խաղում Հայաստանի տնտեսական աճի ապահովման գործում:

 

Բանկային հատվածը տպավորիչ աճ է գրանցել: Միայն վարկային ներդրումները 2018 թ-ին ավելացել են 16%-ով: Հատկանշական է, որ աճն արձանագրվել է ինչպես մանրածախ, այնպես էլ բիզնեսի վարկավորման ոլորտներում: Զգալիորեն ակտիվացել է նաև հիփոթեքային վարկավորման ոլորտը, որտեղ առաջարկը ներկայումս գերազանցում է պահանջարկը:

Այս տարվա ընթացքում ՀՀ բանկային ավանդների աճը կազմել է 12.7%: Շուկայի ակտիվությունն աճում է օր օրի, և անգամ ամառային արձակուրդի օրերին գործարքների քանակը չէր զիջում նախորդ տարվա ամենաակտիվ ժամանակահատվածներին:

Այն, ինչ հիմա տեսնում ենք, արդյունքն է բանկային հատվածի և տնտեսության համատեղ աշխատանքի` վարկավորման աճը նպաստում է տնտեսության աճին, որն էլ իր հերթին խթանում է  վարկերի և այլ բանկային պրոդուկտների պահանջարկի աճը:  

Վերջին 10 տարում Հայաստանի տնտեսությունը դիմակայել է երկու համաշխարհային ֆինանսական ճգնաժամի և Թավշյա հեղափոխությանը` առանց լուրջ հետևանքների ու խնդիրների (սնանկություն և այլն): Սա վկայում է մեր ֆինանսական համակարգի ու բանկերի կայունության, թափանցիկության և հաճախորդների վստահության մասին:

 

«Մենք միշտ մեր ռազմավարությունը կառուցել ենք երկարաժամկետ հեռանկարների հիման վրա, ձգտել ենք

հետեվել համաշխարհային միտումներին, անգամ երբ ներքին շուկան ավանդական մոդելի շրջանակներում էր:

Մեր առաջարկները միշտ աչքի են ընկել նորարարությամբ», - Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյան

 

 Ի՞նչն է օգնում Ամերիաբանկին ամեն տարի պահպանել ՀՀ բանկային համակարգի առաջատարի դիրքը թեժ մրցակցության պայմաններում:

Մենք միշտ մեր ռազմավարությունը կառուցել ենք երկարաժամկետ հեռանկարների հիման վրա, ձգտել ենք հետևել համաշխարհային միտումներին, անգամ երբ ներքին շուկան ավանդական մոդելի շրջանակներում էր: Մեր առաջարկները միշտ աչքի են ընկել նորարարությամբ:

Ավելին, Ամերիաբանկի բոլոր պրոդուկտները մշակվում են հաճախորդների կարիքների մանրազնին ուսումնասիրությունից հետո, ուստի առավելապես համապատասխանում են հաճախորդների պահանջներին: Մենք առաջարկում ենք հեռահար բանկային ծառայությունների լայն տեսականի, զարգացնում առցանց վարկավորումը, անում ամեն ինչ, որպեսզի ապահովենք բարձրակարգ սպասարկում, գործարքների անվտանգություն, խնայենք մեր հաճախորդների ժամանակն ու ռեսուրսները: Որակյալ սպասարկում, ժամանակակից մեթոդներ, պրոֆեսիոնալ անձնակազմ` ահա առաջատար լինելու մեր գրավականը:

 

Վերջերս Moody's միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրեց Ամերիաբանկի վարկանիշը մինչև Ba3: Ի՞նչ է սա նշանակում բանկի համար:

Վարկանիշի վերանայումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի բարձրացմամբ` B1-ից («դրական» հեռանկարով) մինչև Ba3` «կայուն» հեռանկարով, քանի որ կազմակերպության վարկանիշը չի կարող ավելի բարձր լինել, քան երկրի սուվերեն վարկանիշը: Այսպիսով, Ամերիաբանկն ունի հայկական ընկերության համար հնարավոր ամենաբարձր վարկանիշը, որը հավասար է Հայաստանի սուվերեն վարկանիշին: 

Ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշը բարձրացվել է B1-ից մինչև Ba3` պայմանավորված Ամերիաբանկի վարկունակության բազային գնահատականների (Baseline Credit Assessments) բարձրացմամբ, որն իր հերթին պայմանավորված է Հայաստանի բանկային հատվածի մակրո ցուցանիշների բարելավմամբ և Ամերիաբանկի մշտապես բարձր և կայուն ֆինանսական ցուցանիշներով, մասնավորապես` ակտիվների բարձր որակով, ամուր դիրքով ըստ կապիտալի, բարձր շահութաբերությամբ, իրացվելիության բավարար մակարդակով և միջոցների ներգրավման դիվերսիֆիկացված աղբյուրներով: Moody's-ը բարձրացրել է նաև Ամերիաբանկի մի շարք այլ վարկանիշեր, մասնավորապես` արտարժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշը B2-ից բարձրացվել է մինչև B1, կոնտրագենտի երկարաժամկետ ռիսկի Ba3 վարկանիշը` մինչև Ba2: Այս վարկանիշերը շատ կարևոր են կապիտալի շուկաներից և միջազգային հիմնադրամներից ներդրումներ ներգրավելու համար:

 

Շուկան մշտապես փոխվում է, ընդ որում փոփոխությունները տեղի են ունենում բոլոր ոլորտներում` տեխնոլոգիաներից մինչև հաճախորդների մտածելակերպը: Իսկ ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Ամերիաբանկում: Ո՞րն է հաջորդ քայլը:

Տասը տարի առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ ուղի կանցնի Ամերիաբանկը: Ընդամենը 45 մլն ԱՄՆ դոլարի ակտիվներ և 9 մլն ԱՄՆ դոլարի կապիտալ ունեցող բանկը դարձավ Հայաստանի բանկային համակարգի առաջատարը: Այդ 10 տարում բանկի ակտիվներն ավելացել են 36 անգամ, վարկային պորտֆելը` 130 անգամ: Ի դեպ, ըստ այս երկու ցուցանիշների` Ամերիաբանկն արդեն երկար ժամանակ է, ինչ շուկայի առաջատարն է: Մենք 11-րդն ենք խոշոր հարկատուների ցանկում և զգալիորեն առաջ են անցել մնացած բոլոր բանկերից: 2008թ-ից ի վեր Ամերիաբանկը միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավել է ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը մեր գործընկերների վստահության լավագույն ապացույցն է: Մենք առաջատարն ենք նաև ներդրումային բանկային գործառնությունների ոլորտում` կորպորատիվ պարտատոմսերի թողարկման 30% մասնաբաժնով: Փոքր, ոչնչով աչքի չընկնող բանկից մենք դարձել ենք Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատությունը թե՛ ըստ ֆինանսական ցուցանիշների, թե՛ ըստ ծառայությունների որակի, թե՛ ըստ նորարարությունների: Մենք աճում էինք ոչ թե շուկային զուգահեռ, այլ շուկայից արագ:

 

Անցած 10 տարվա հիմնական փոփոխությունը տեխնոլոգիական առաջխաղացումն է: Մեր գործունեությունը որպես զուտ ֆինանսական ընկերություն շարունակելու փոխարեն մենք որոշեցին հանդես գալ նաև որպես տեխնոլոգիական ընկերություն` ակտիվորեն ներդնելով թվային լուծումներ և զարգացնելով հեռահար բանկային ծառայությունները: Մեր կորպորատիվ կառավարման համակարգը համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին, և հենց սա ու ճիշտ մշակված կադրային քաղաքականությունն են, որոնց շնորհիվ մենք կարողացել ենք ստեղծել արհեստավարժ մասնագետների, համախոհների ուժեղ թիմ: Մեր բիզնեսի հաջողության գրավականը մարդկային կապիտալը և նոր տեխնոլոգիաներն են:

Ինչ վերաբերում է հետագա փոփոխություններին, վստահ եմ, որ բանկային գործունեության ոլորտում հաջողության հիմքը եղել են ու կլինեն ժամանակակից տեխնոլոգիաները: Հայաստանի համար` իր փոքր ներքին շուկայով, տեխնոլոգիական առաջընթացը և բանկերի անցումը թվային տիրույթ առանձնահատուկ նշանակություն կունենան. դրանք են լինելու մոտակա տարիներին բանկային համակարգի զարգացման հիմքը: 

 

Աղբյուրը` GlobalMarkets

 

Թարմացված է առ 14.11.2019 թ., 16:13
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: