HERE AND BEYOND
Հայաստանի ջերմոցներում արված ներդրումներն արդյունք են տալիս
Մամուլի կենտրոն

Արդիականացումը և համապատասխանությունը միջազգային պահանջներին նոր շուկաներ են բացում տեղական արտադրանքի համար  

 

Թվում է, թե ելակ և ազնվամորի աճեցնելը բացարձակապես որևէ առնչություն չունի քաղաքականության հետ, սակայն Հայաստանում, որն առաջիններից մեկը սեփականաշնորհեց հողը Խորհրդային Միության փլուզումից հետո, զարգացող շուկայական տնտեսությունը ջերմոցներին մրցակցելու նոր հնարավորություններ ընձեռեց: Հայաստանի ջերմոցային արտադրանքի (ոչ միայն հատապտուղների, այլ նաև բանջարեղենի և ծաղիկների) նկատմամբ աստիճանաբար աճող պահանջարկի շնորհիվ ֆերմերների առջև արտահանման նոր հնարավորություններ բացվեցին:

Արտահանման պայմանները բավարարելու համար, հատկապես Մերձավոր Արևելքի և Եվրոպայի բոլորովին նոր շուկաներում, ի լրումն Ռուսաստանի, անհրաժեշտ էր արդիականացնել Հայաստանի ջերմոցային ոլորտը: Օրինակ` սննդի անվտանգության ապահովումը չէր համապատասխանում այլ երկրներում գործող պահանջներին. չկար ստանդարտ փաթեթավորում, հնարավոր չէր ապահովել ապրանքների դասակարգում և տեսակավորում ըստ չափի, գույնի, հասունության, պնդության կամ փափկության: Աշխատուժի սահմանափակ հմտությունները, թերզարգացած ենթակառուցվածքը, ինչպես նաև իրավական և կարգավորող ոլորտի խոչընդոտները նույնպես արգելք էին հանդիսանում մատակարարման համաշխարհային շղթաներում հայկական ագրոբիզնեսի ինտեգրման համար:

2016թ. Համաշխարհային բանկի խումբը (ՀԲԽ) սկսեց համագործակցել Հայաստանի կառավարության հետ իր «Ներդրումային քաղաքականության և ագրոտնտեսությունների զարգացման ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում էր մասնավոր հատվածում ՀԲ-ի ներկայացուցիչ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) կողմից` ջերմոցային տնտեսությունների ոլորտն ընդլայնելու համար նախադրյալներ ստեղծելու նպատակով: Ծրագրին աջակցել է նաև Ավստրիայի ֆինանսների նախարարության կողմից ֆինանսավորվող` Ներդրումային խորհրդատվության ծառայությունը:

Հայաստանում ծավալվող գործունեության շրջանակներում ՄՖԿ-ն աջակցում է այն ընկերություններին, որոնք ձգտում են ընդլայնել իրենց արտահանման ծավալները կամ ավելացնել իրենց մասնաբաժինը միջազգային շուկաներում, և մեր խորհրդատվությունը, որը ներառում է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դիվերսիֆիկացնելու վերաբերյալ ուղեցույցներ, նպաստել է արտահանման դիվերսիֆիկացմանը: 

Ներկայումս ավելի մեծ թվով հայկական ընկերություններ հատապտուղ են արտահանում Եվրոպական միություն, իսկ անցյալ տարի երկու ընկերություն մուտք գործեցինաև այլ շուկաներ` Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության երկրներից բացի: Եվս երեք միջին ձեռնարկություն այժմ ծաղիկ է արտահանում, և ծաղիկների արտահանման ընդհանուր ծավալն աճել է ավելի քան 1.5 անգամ. 2016թ. այն կազմում էր շուրջ 755 տոննա, իսկ 2018թ., ըստ պաշտոնական վիճակագրության (առ 26.07.2019թ.), հասել էր մոտ 1300 տոննայի:  

Բացի այդ, ՄՖԿ-ն փորձեց նպաստել տվյալ ոլորտում կարողությունների զարգացմանը` տեղական աշխատուժի համար վերապատրաստման դասընթաց մշակելու միջոցով, որի արդյունքում գյուղատնտեսության ոլորտի մասնագետների հաջորդ սերունդը, թերևս, պատրաստ կլինի իր արտադրանքն ավելի մեծ թվով սպառողների առաջարկել: 

 

Զարգացման ներուժ

Արդեն բավականին երկար ժամանակ ջերմոցային տնտեսությունը, հատկապես` բանջարեղենի և ծաղիկների աճեցման ջերմոցները, էապես նպաստում են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Գյուղատնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերը խթանում են երկրում սննդամթերքի և խմիչքի արտադրության զարգացումը` ինտեգրելով այն մատակարարման ավելի խոշոր ցանցերում: Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, վերջին 7 տարիների ընթացքում ագրոբիզնեսի ոլորտի միջինացված բաժինը ՀՆԱ-ում կազմել է 16.6 տոկոս, իսկ ոլորտում առկա աշխատատեղերի թիվը կազմել է Հայաստանի աշխատատեղերի ընդհանուր թվի 34.8 տոկոսը

Քանի որ արտահանումն, այնուամենայնիվ, բավականին զարգացած չէր, ՄՖԿ-ի խորհրդատվական աջակցությունը սկսվեց Հայաստանի ջերմոցային ոլորտի արտահանման ներուժի ուսումնասիրությունից: Հաջորդ հույժ կարևոր քայլը ջերմոցային արտադրանքի արտահանման շղթայի բոլոր օղակների հստակ սահմանումն էր` համապատասխան փոփոխություններ մշակելու նպատակով: Այդ համատեքստում իրականացվեցին նաև տվյալ բիզնեսի համար կարևոր մատակարարման ցանցի մասնակիցների, այդ թվում` պետական և մասնավոր ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ: 

ՄՖԿ-ի հստակ առաջարկություններն ստանալուց հետո իրականացվեց  գյուղատնտեսության և ագրոբիզնեսի ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներուժի գնահատում, և մշակվեց ՕՈՒՆ-ի հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործմանն ուղղված ռազմավարություն: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ օտարերկրյա ներդրումների համար գրավիչ են միայն ջերմոցային արտադրանքն ու ծաղիկները. հենց սրանց արտահանումն է հավանական իրականացնել դեպի Եվրոպական միության երկրներ: Դրանից հետո սկսեցին մշակվել արտահանման շուկայի ընդլայնման ծրագրերը:

Հայաստանում որակավորված աշխատուժի խիստ պահանջից ելնելով` 2017թ. ՄՖԿ-ի աջակցությամբ մշակվեց «Ջերմոցային մշակաբույսերի արտադրության և կառավարման» դասընթացը, մասնավորապես, Հայաստանի ջերմոցային ոլորտում հմտությունների կարիքների և աշխարհի առաջատար համալսարանների ծրագրերի ուսումնասիրության արդյունքում մշակվեց ութ ամիս տևողությամբ դասընթաց Ագրոբիզնեսի Հետազոտությունների և Կրթության Միջազգային Կենտրոնի հետ համատեղ:

Ներկայումս տարեկան 50 ուսանող մասնակցում է վերոնշյալ դասընթացին, որի շրջանակներում նրանք ծանոթանում են ժամանակակից ջերմոցային կառույցներին, ջերմոցներում կիրառվող առաջադեմ տեխնոլոգիաներին, արտադրության մեջ օգտագործվող ռեսուրսներին և նյութերին, ջերմոցային միկրոկլիմայի կառավարման համակարգերին, բույսերի ֆիզիոլոգիային և պաշտպանությանը: Սա առաջիկայում անպայման կունենա դրական արդյունք:

 

Դրական արդյունքներ տեղական շուկայում 

ՄՖԿ-ի աջակցությունը ջերմոցային ոլորտին նաև այլ դրական արդյունքներ արձանագրեց. «Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի» աշխատանքներում ընդգրկվեց Հայաստանում ՄՖԿ-ի երկարամյա գործընկեր Ամերիաբանկը, որն առևտրի ֆինանսավորման եզակի միջնաժամկետ լուծում առաջարկեց «Գրինֆուդ» տեղական ջերմոցային ընկերությանը: Այդ ֆինանսավորման շնորհիվ ընկերությունը երկարաձգեց ջերմոցային էներգաարդյունավետ սարքավորումների ձեռքբերման ժամկետները և կարողացավ ներմուծել տվյալ սարքավորումները: Արդյունքում «Գրինֆուդ»-ի ջերմոցների ներկայիս արտադրական հզորությունը եռապատկվելու է, ինչը հնարավորություն կտա ընկերությանն ընդլայնել իր արտադրանքի տեսականին:

Ընկերությունը փնտրում է իր արտադրանքը Եվրոպական միության շուկաներ արտահանելու հնարավորություններ: Միևնույն ժամանակ, ընկերությունը մասնակցել է գյուղատնտեսական արտադրանքի արտահանման վերաբերյալ ՄՖԿ-ի կազմակերպած քննարկումներին:

«Գրինֆուդ» ընկերության զարգացումը նպաստում է նաև Շիրակի մարզի տնտեսության ամրապնդմանը: Այդ մարզի գյուղական վայրերում ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի մոտ 85 տոկոսը կանայք են: Ակնկալվում է աշխատատեղերի քանակի 20 տոկոս աճ:

«Գրինֆուդ»-ի տնօրենի կարծիքով, ձեռք բերած նոր սարքավորումները կնպաստեն շրջակա միջավայրի պահպանությանը, քանի որ ժամանակակից գյուղատնտեսական սարքավորումները նվազեցնում են ածխածնի մոնօքսիդի արտանետումը և հնարավորություններ են ստեղծում ջերմոցային նոր մթերքի արտադրության համար:

Բոլոր նշված բարելավումները «էապես կբարձրացնեն մեր արտադրանքի որակը», - նշել է «Գրինֆուդ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը: - «Արդյունքում, մեր արտադրանքն ավելի մրցունակ կլինի և ավելի բարձր եկամտաբերություն կապահովի»:

 

Հրապարակվել է 06/09/2019թ.

Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից:

Հղումը սկզբնաղբյուրին` 

https://www.ifc.org/wps/wcm/connect/news_ext_content/ifc_external_corporate_site/news+and+events/news/impact-stories/armenia-investments-greenhouses-bear-fruit

Թարմացված է առ 06.09.2019 թ., 16:44
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: