HERE AND BEYOND
Ամերիաբանկը պատրաստ է աշխատաշուկայում տեղի ունեցող փոփոխություններին 
Մամուլի կենտրոն

Հարցազրույց «Ամերիաբանկ» ՓԲԸ Տաղանդների ներգրավման բաժնի ղեկավար Օֆելյա Քամալյանի հետ 

 

Ֆինանսաբանկային ոլորտի աշխատաշուկան դինամիկ զարգացում է ապրում: Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել վերջերս:

Հայաստանում ֆինանսաբանկային շուկան միշտ էլ եղել է ցանկալի գործատու և դեռ երկար ժամանակ կշարունակի լինել այդպիսին: Տնտեսական փոփոխություններին համընթաց` փոփոխվում է նաև բանկային համակարգը: Նման փոփոխություններից անմասն չի մնում նաև աշխատաշուկան: Այսօր բանկային համակարգին ֆինանսական գիտելիքներ ունեցող մասնագետներից բացի շատ ավելի անհրաժեշտ են ՏՏ ոլորտի մասնագետներ: Ամերիաբանկը հանդես է գալիս որպես ֆինանսատեխնիկական կազմակերպություն և աշխատաշուկայում մենք մրցակցում ենք ինչպես ֆինանսական, այնպես էլ ՏՏ ոլորտի ընկերությունների հետ: Ընդ որում, լավ մասնագետները պահանջվածից քիչ են, և մենք պայքարում ենք ինչպես առաջատար հայկական, այնպես էլ կայացած միջազգային ընկերություններից նրանց ներգրավելու համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ` մեր մասնագետները հեշտությամբ կարող են աշխատանք գտնել միջազգային ընկերություններում, որոնք հաճախ դիմում են արտապատվիրման ծառայությունների համար: Այսպիսով Հայաստանն աշխատավարձերի և պարգևավճարների չափով կարողանում է մրցակցել միջազգային շուկաներում: Փոխվել են երիտասարդների մասնագիտական նախասիրությունները: Եթե նախկինում երիտասարդները նախապատվությունը տալիս էին ֆինանսատնտեսական կրթությանը, այժմ նրանք ավելի հակված են տեխնիկական կրթություն ստանալ: Արդյունքում, ապագայում ֆինանսական ոլորտի մասնագետներ գտնելը կարող է խնդիր դառնալ: Ահա թե ինչու մենք նախապես ենք մտածում մեր բիզնես-նպատակների իրագործման համար անհրաժեշտ մասնագետների պատրաստման համար: 

Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում նոր աշխատակիցներ ընդունելիս և ի՞նչ քաղաքականություն է վարում բանկն այս ոլորտում:  

Մեր խնդիրը որակյալ մասնագետներ ներգրավելն է, իսկ անձնակազմի համալրման մշակույթն անընդհատ փոփոխվում է: Ինչպես նշեցի, մենք ֆինանսատեխնիկական կազմակերպություն ենք և փնտրում ենք մարդկանց, որոնք կարողանում են իրենց ստեղծարար մտածողությունը հավասարապես կիրառել թե´ ֆինանսական և թե´ տեխնիկական ոլորտներում: Ամերիաբանկն առաջատար է թվային բանկային գործառնությունների ոլորտում, և մենք ձգտում ենք ներգրավել այնպիսի մասնագետների, որոնք կարողանում են մշակել ճկուն լուծումներ` հաշվի առնելով ժամանակակից տնտեսության պահանջները, որպեսզի մեր հաճախորդների համար ապահովենք բարձրակարգ և հարմարավետ սպասարկում: Բանկի ռազմավարությամբ որդեգրված ակտիվ աճի քաղաքականության արդյունքում ստեղծվում են նոր աշխատատեղեր: Միայն 2018 թ-ին մենք ավելի քան 300 աշխատատեղ ենք ստեղծել: Կարծում եմ, որ այս դինամիկան կպահպանվի` հաշվի առնելով մեր զարգացման տեմպերը: Նախորդ տարվա ընթացքում մեր հաճախորդների թիվը կրկնապատկվել է:

Այսօր բանկն ունի ավելի քան 900 աշխատակից, որոնք յուրահատուկ կորպորատիվ մշակույթի և արժեքների կրող են: Նոր սերնդի արժեհամակարգում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում նոր աշխատակիցների ընտրությունն ու ադապտացումը բավականին դժվար է դարձել: Բայց մեր թիմին դա հաջողվում է, քանի որ մենք ճկուն ենք և չենք դադարում սովորել ու կիսվել մեր փորձով: 

Եթե խոսենք դժվարություններից, իհարկե, կան և դրանք քիչ չեն: Մեզ դեռ չեն ճանաչում տեխնոլոգիական ոլորտի աշխատաշուկայում, այդ իսկ պատճառով մեզ համար ցանկալի թեկնածուները մեզ չեն դիմում: Փոխարենը մենք ինքներս ենք դիմում նրանց: Որոշակի դժվարություններ ենք ունենում Հայաստանում եզակի մասնագետների փնտրման հարցում:

Մենք ակտիվորեն համագործակցում ենք նաև Սփյուռքի հետ և պատրաստ ենք աջակցել, որպեսզի արտասահմանում կրթություն ստացած և կայացած երիտասարդ մասնագետները վերադառնան Հայաստան և իրենց լուման ներդնեն մեր ընկերության և ՀՀ տնտեսության զարգացման գործում: Մեզ հաջողվել է մասնագետներ ներգրավել Լիբանանից, Սիրիայից ու ԱՄՆ-ից, և մենք ուրախ ենք, որ նրանք իրենց կյանքն ու գործունեությունն այլևս կապում են Հայաստանի հետ: Մենք համագործակցում ենք մասնագիտացված ԲՈՒՀ-երի հետ (այդ թվում տեխնիկական), ուսանողների և դպրոցականների համար այցելություններ ենք կազմակերպում բանկ, նրանց հետ քննարկումներ ունենում: Այս ամենը թույլ է տալիս նրանց հասկանալ, թե ինչ կարող իրենց տալ աշխատանքն Ամերիաբանկում: Նշված ծրագրերին արդեն իսկ մասնակցություն են ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանը, Ստեփանավանի Հ. Թումանյանի անվան ավագ դպրոցը, Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցը, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը և այլ ուսումնական հաստատություններ: Պարտադիր ուսումնական պրակտիկան Ամերիաբանկում անցնելու հնարավորություն ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում սովորող ուսանողները: Այս առումով մենք համագործակցում ենք Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU), Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA), «Դեպի Հայք» հիմնադրամի և այլ կազմակերպությունների հետ, որոնք կարող են Հայաստան բերել արտասահմանում ապրող երիտասարդներին: Մեր մասնագետներն առանց որևիցե դժվարության շփվում են հայերենին վատ կամ ընդհանրապես չտիրապետող երիտասարդների հետ: Մենք կարողանում ենք աշխատել երեք լեզվով: Այս հանգամանքը որոշ առումով նույնպես նպաստում է հայրենադարձությանը, ինչը մեզ շատ է ուրախացնում: 

Հպարտությամբ կարող ենք ասել, որ արդեն սկսել ենք 11-րդ «Ամերիա սերունդ» ծրագիրը: Այս ծրագրի միջոցով 6 տարվա ընթացքում ներգրավել ենք ավելի քան 200 երիտասարդ մասնագետի: Մեկ տարվա ընթացքում նախատեսում ենք իրականացնել առնվազն երկու այդպիսի ծրագիր: Ծրագիրն ինքնին եզակի է և անընդհատ փոփոխվում է: Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդներին ԲՈՒՀ-ում ձեռք բերված տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանց հետ իրենց փորձով են կիսվում մեր ամենահմուտ մասնագետները: Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ Ամերիաբանկը ծրագրի մասնակիցներին աշխատավարձ է վճարում: Մեր մշակույթում ընդունված է երիտասարդներին հնարավորություն տալ, կրթել ու աջակցել նրանց: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերջին երկու ծրագրերի ժամանակ մենք բարձրացրինք տարիքային շեմը 25-ից 27 տարեկան, որպեսզի երիտասարդները պարտադիր զինվորական ծառայությունից հետո կարողանան մասնակցել ծրագրին: Ուրախ ենք, որ երիտասարդությունը գնահատեց մեր այդ քայլը, և մենք արդեն ունենք նման մասնակիցներ:

Ինչպե՞ս եք մոտիվացնում ձեր աշխատակիցներին հավատարիմ մնալ բանկին մասնագետների համար սուր մրցակցության պայմաններում:

Քանի որ մենք բանկային համակարգի առաջատարն ենք, փորձում ենք ոչ միայն ներգրավել որակյալ մասնագետների, այլև անել ամեն ինչ, որ նրանք մնան և աշխատեն մեզ հետ: Մենք ներդնում ենք միջազգային լավագույն պրակտիկայում ընդունված մոտիվացման համակարգեր, ունենք հիանալի գրասենյակային պայմաններ, որտեղ հաճելի է աշխատել: Աշխատակիցներին տրամադրում ենք սպորտային ակումբների անդամակցություն, բժշկական և տրանսպորտային միջոցների ապահովագրություն, որոշ դեպքերում նաև դժբախտ պատահարներից ապահովագրություն: Բանկն իր հաշվին իրականացնում է աշխատակիցների մասնագիտական վերապատրաստում, հնարավորություն է տալիս նրանց մասնակցել միջազգային կոնֆերանսների, միջազգային հավաստագրման ծրագրերի: Մեր աշխատակիցները հնարավորություն ունեն օգտվել բանկային ծառայություններից հատուկ, շահավետ պայմաններով: Մենք կազմակերպում ենք թիմի կառուցման բազմաթիվ միջոցառումներ, որոնց շնորհիվ աշխատակիցները հնարավորություն են ստանում զգալ թիմի միասնական ոգին: Կցանկանայի հատուկ ընդգծել նաև այն, որ Ամերիաբանկում յուրաքանչյուրը, անկախ զբաղեցրած պաշտոնից, ազատ է իր կարծիքն արտահայտել ցանկացած հարցի վերաբերյալ, կարող է համակարծիք չլինել ղեկավարի հետ, և դա նորմալ է ընկալվում: Նոր աշխատակիցներ փնտրելիս` մենք չենք փնտրում մարդկանց, ովքեր մեզ նման են մտածում: Ընդհակառակը, փնտրում ենք մարդկանց, ովքեր այլ կերպ են մտածում և մոտենում աշխատանքին, ունեն տարբերվող աշխարհայացք, մարդկանց, ովքեր ոչ թե կրկնում, այլ լրացնում են մեզ:

 

Աղբյուրը՝ www.lragir.am

Թարմացված է առ 22.05.2019 թ., 18:49
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: