HERE AND BEYOND
Արա Սարգսյան. «Ձգտումը դեպի լավագույն միջազգային փորձը մեր ԴՆԹ-ի մեջ է» 
Մամուլի կենտրոն

Հարցազրույց «Ամերիաբանկ» ՓԲԸ  Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման ծառայության Ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանի հետ

Պրն. Սարգսյա՛ն, Ամերիաբանկը միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավում է զգալի ծավալով ֆինանսական միջոցներ. ինչի՞ մասին է դա վկայում` Բանկի նկատմամբ վստահության բարձր մակարդակի՞, թե՞ պարզապես փոխշահավետ համագործակցության: 

Ցանկացած գործարքի հիմքում միշտ էլ գործարքի փոխշահավետությունն է: Միևնույն ժամանակ, անկախ առևտրային պայմաններից, շատ կարևոր է նաև այն, թե ներդրողներն ու վարկատուները որքանով են վստահում մեզ և հավատում մեր հաջողության պատմությանը: 2008թ-ից ի վեր մենք միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավել ենք ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար: Կարծում եմ, որ միջոցների նշված ծավալը և մեր միջազգային գործընկերների թիվը Ամերիաբանկի գործունեության, ծրագրերի և դրանց իրականացման միջոցների հանդեպ մեր գործընկերների վստահության լավագույն ապացույցն են: Ի դեպ, նշեմ, որ մենք համագործակցում ենք միջազգային բոլոր առաջատար ֆինանսական հաստատությունների հետ: Մեր հին ու լավ գործընկերներից երկուսը` ՎԶԵԲ-ն ու ԱԶԲ-ն, դարձել են Ամերիաբանկի բաժնետեր` ևս մեկ անգամ հաստատելով վստահության այն մակարդակը, որը ձեռք ենք բերել երկարատև համագործակցության արդյունքում: 

Հայաստանի տնտեսության վարկունակության վերաբերյալ պարբերաբար 2 իրարամերժ կարծիք է հնչում. մասնագետների մի մասը գտնում է, որ տնտեսությունը խեղդվում է առանց վարկային միջոցների, մինչդեռ մյուս մասը կարծում է, որ տնտեսությունը գերվարկավորված է: Իսկ Դո՞ւք ինչ եք կարծում:  

Նախ և առաջ կցանկանայի նշել, որ Հայաստանում վարկերի հարաբերությունը ՀՆԱ-նկատմամբ կազմում է 45%, ինչը զգալիորեն ավելի ցածր է, քան զարգացած երկրների միևնույն ցուցանիշը: Ահա թե ինչու ես չեմ կարծում, որ հայաստանյան տնտեսությունը գերվարկավորված է: Իհարկե, կարելի է չհամաձայնել նրանց հետ, ովքեր կարծում են, որ բիզնեսին և սպառողներին վարկեր ընդհանրապես պետք չեն, սակայն չկա այնպիսի պատասխան, որը բացարձակապես ճիշտ է բոլոր դեպքերի համար: Հնարավոր չէ պատկերացնել բիզնեսի զարգացումն առանց վարկերի: Շատերի համար վարկը տուն կամ ավտոմեքենա գնելու միակ հնարավոր միջոցն է: Որպես կանոն, այդ վարկերն արդարացնում են իրենց և զգալի օգուտ են բերում մարդկանց: Բացի այդ, սպառողական վարկերը խթանում են նաև սպառողական պահանջարկի, հետևաբար, նաև տնտեսության աճը, ինչը, միանշանակ, դրական գործոն է: Սակայն այս հարցը մեկ այլ կողմ էլ ունի. երբեմն մարդիկ պարտքերի տակ են ընկնում՝ չմտածված և չարդարացված ծախսերի հետևանքով: Որպես կանոն, դա տեղի է ունենում քարտերով վարկային գծի դեպքում: Այս պարագայում, ըստ էության, ավելի ճիշտ է խոսել ֆինանսական գրագիտության ընդհանուր մակարդակը և ֆինանսական կարգապահությունը բարելավելու, այլ ոչ թե տնտեսության գերվարկավորվածության մասին: 

Յուրաքանչյուր նոր գործարքի և Ամերիաբանկի կապիտալի աճի արդյունքում արտաքին ֆինանսական շուկաների միջոցներն էլ ավելի հասանելի են դառնում ձեզ: Ի՞նչ հնարավորություններ է դա ստեղծում Բանկի հաճախորդների և, ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսության համար: 

Շատ լավ հարց է: Հանդես գալով ֆինանսական միջնորդի դերում` Ամերիաբանկը միջազգային հաստատություններից ներգրաված միջոցները տրամադրում է վարկառուներին` հավելյալ արժեք ստեղծելով ինչպես տեղական փոքր և միջին բիզնեսի, այնպես էլ ընդհանուր առմամբ ՀՀ տնտեսության համար: Ամերիաբանկին ամենաբարձր վարկանիշ են շնորհել այնպիսի համաշխարհային վարկանիշային գործակալություններ, ինչպիսիք են Moody`s-ը և S&P-ն: Այս վարկանիշի շնորհիվ կարողանում ենք ստանալ արտարժույթով և ՀՀ դրամով վարկեր ամենաբարենպաստ պայմաններով: Մենք համագործակցում ենք ավելի քան 2 տասնյակ ինստիտուցիոնալ ներդրողների հետ, ինչը թույլ է տալիս ունենալ մեծածախ ֆինանսավորման դիվերսիֆիկացված պորտֆել: Դրա շնորհիվ մեր հաճախորդները, հետևաբար նաև ՀՀ տնտեսությունը, անհրաժեշտ ծավալով և մրցունակ տոկոսադրույքներով վարկեր ստանալու հնարավորություն ունեն, իսկ տնտեսության առավել հեռանկարային ճյուղերն ու աճի մեծ պոտենցիալ ունեցող ընկերությունները կարողանում են օգտվել մեր ֆինանսական աջակցությունից: 

Միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը միայն միջոցների ներգրավում չի ենթադրում: Այն թույլ է տալիս կիրառել միջազգային լավագույն փորձը: Այս տեսանկյունից ի՞նչ ազդեցություն է ունեցել միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը Ամերիաբանկի վրա: 

Ինստիտուցիոնալ ներդրողների հետ համագործակցությունը միանշանակ շատ ավելին է, քան պարզապես ֆինանսական միջոցների ներգրավումը: Միջազգային ֆինանսական հաստատությունների հետ մեր հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը ձևավորվել է 2 հիմնական գործոնի շնորհիվ. դրանք են կորպորատիվ կառավարման համակարգի շարունակական բարելավումը և ֆինանսական ցուցանիշների որոշակի մակարդակի մշտական ապահովումը: Նշեմ, որ օտարերկրյա գործընկերների հետ համագործակցելը դյուրին  չէ, բայց միևնույն ժամանակ շատ արդյունավետ է: Այդ համագործակցության տեմպն ապահովելու համար մեզ անհրաժեշտ են ճիշտ խթաններ և ուղենիշներ: Ձգտումը դեպի լավագույն միջազգային փորձի կիրառումը մեր ԴՆԹ-ի մեջ է, ինչը թույլ է տալիս ապահովել Ամերիաբանկի շարունակական աճն արդեն տասը տարուց ավելի: Տեղական կարգավորող մարմնի հսկողության ներքո աշխատելն ինքնին մեծ պատասխանատվություն է ենթադրում, սակայն կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ, որ բարդ և բազմապրոֆիլ պայմանագրերի շրջանակներում աշխատելը շատ ավելի դժվար է: Համոզված եմ, որ մենք միջազգային ֆինանսական հաստատությունների հետ ակտիվ համագործակցության ճիշտ ռազմավարություն ենք ընտրել: Այն  շատ կարևոր է մեզ համար և  թույլ է տալիս տարբերվել մեր մրցակիցներից, ապահովել կայուն բուֆերային կապիտալ, իրացվելիության բավարար դիրքեր, ունենալ ՀՀՄՍ համապատասխան հաշվետվողականության բարձրակարգ համակարգ: Իսկ այս ամենի հիմքում, իհարկե, մեր Բանկում ներդրված ռիսկերի կառավարման և կորպորատիվ կառավարման բացառիկ համակարգերն են: 

Թարմացված է առ 02.05.2019 թ., 17:43
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: