HERE AND BEYOND
Ինչի՞ մասին են վկայում մրցանակները
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը կրկին հաղթող է ճանաչվել Global Finance ամսագրի «Հայաստանում լավագույն ներդրումային բանկ» անվանակարգում:

Բանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը մանրամասներ է ներկայացրել:

 

Ի՞նչ ցուցանիշներով են առաջնորդվում տվյալ անվանակարգում հաղթողին ընտրելիս:    

«Լավագույն ներդրումային բանկ» անվանակարգում թեկնածուներին գնահատում են մի շարք չափանիշներից ելնելով. մասնավորապես՝ ներդրումային բանկային գործարքների իրականացման ունակությունները, մասնաբաժինը շուկայում, իրականացված գործարքների քանակը և ծավալը, բանկի կողմից կիրառվող նորարարական լուծումները, բանկի համբավը, բանկի հետ համագործակցող ֆինանսական կազմակերպությունների լայն ցանցը և այլն: 

Սպասարկման որակը նո՞ւյնպես գնահատվել է: 

Այո: Դա առանցքային չափանիշներից մեկն է: Կարող եմ ասել, որ Ամերիաբանկը հայաստանյան շուկայում ներդրումային ծառայություններ մատուցող միակ ընկերությունն է, որն ունի Կապիտալի շուկաների, Ձեռքբերումների ու միաձուլումների և Կորպորատիվ ֆինանսների ուղղություններով հաճախորդներին սպասարկող առանձին մասնագիտացված ստորաբաժանումներ:

Ձեր կարծիքով առաջին հերթին ինչո՞վ է առանձնանում Ամերիաբանկի ներդրումային բանկային ուղղությունը:

Նորարարությամբ ու համարձակ լուծումներով: Ամերիաբանկի ներդրումային բանկային գործառնությունների թիմը միշտ աչքի է ընկել հայաստանյան շուկայում նախադեպը չունեցող նախագծերով: Ամերիաբանկն իրականացրել է կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման ամենախոշոր գործարքը Հայաստանում, կազմակերպել է հայաստանյան շուկայում ՀՀ դրամով պարտատոմսերի առաջին թողարկումները միջազգային ֆինանսական հաստատությունների` ՄՖԿ-ի (Միջազգային Ֆինանսական Կորպորացիա) և ՎԶԵԲ-ի (Վերակառուցման և Զարգացման Եվորապական Բանկ) համար: Ընդ որում, ՄՖԿ պարտատոմսերի տեղաբաշխման նախագիծը համարվում է Հայաստանում ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման առաջին նախագիծը: Հայաստանում լողացող տոկոսադրույքով պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման առաջին նախագիծը՝ իրականացված ՎԶԵԲ-ի համար նույնպես իրականացվել է Ամերիաբանկի կողմից:

Կցանկանայի նշել, որ Ամերիաբանկը, որպես թողարկող, շուկայի առաջատարն է թողարկված պարտատոմսերի քանակով և ծավալով: Բանկի թողարկումները կազմում են ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի 30%-ը: Ներկայումս շրջանառության մեջ են Ամերիաբանկի 11 թողարկումներ, որոնց ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 90 մլն ԱՄՆ դոլար: 

Ինչո՞ւ է տարբեր ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը համարվում ներդրումային բանկի գնահատման կարևորագույն չափանիշներից մեկը: 

Միայն տարբեր ֆինանսական հաստատությունների հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները և պոտենցիալ ներդրողների մեծ բազան են ներդրումային բանկին հնարավորություն տալիս արդյունավետ իրականացնել իր գործունեությունը: Դրա շնորհիվ է Ամերիաբանկի Կորպորատիվ ֆինանսների թիմը կարողանում հաճախորդներին առաջարկել ներդրողների ներգրավման ամենամեծ հնարավորությունները և ֆինանսավորման ամենատարբեր կառուցվածքային լուծումներ: Այսօր Ամերիաբանկը համագործակցում է տարածաշրջանում գործող բոլոր միջազգային ֆինանսական հաստատությունների հետ և նրանցից ներգրավել է ավելի քան 700 մլն ԱՄՆ դոլար, ինչպես իր, այնպես էլ՝ իր հաճախորդը հանդիսացող ընկերությունների համար: 

Global Finance ամսագրի կողմից Ամերիաբանկին «Լավագույն ներդրումային բանկ» անվանակարգում չորրորդ տարին անընդմեջ շնորհվող մրցանակը նույնպես ապացուցում է այն, որ բանկը մատուցում է միջազգային կարգի ներդրումային բանկային ծառայություններ, պատրաստ է ամբողջությամբ բավարարել շուկայի պահանջարկը` անկախ պրոդուկտի և գործարքի բարդությունից, ինչպես նաև հաստատում այն, որ այս ուղղությամբ բանկն ընտրել է ճիշտ ռազմավարություն: 

Թարմացված է առ 04.03.2019 թ., 19:23
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: