HERE AND BEYOND
Համագործակցության հուշագիրը Գոլդեն Սթեյթ բանկի և Ամերիաբանկի միջև նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի և Կալիֆորնիայի ընկերությունների և անհատների համար
Մամուլի կենտրոն

Գոլդեն Սթեյթ բանկը և Ամերիաբանկը հայտարարել են համագործակցության հուշագրի ստորագրման մասին, որի նպատակն է նպաստել երկու հեղինակավոր հաստատությունների միջև սերտ համագործակցությանը և հնարավորություն տալ երկու բանկերի ներկա և ապագա հաճախորդներին օգտվելու մյուս բանկի ծառայություններից և միմյանց շուկաներից:

Այսուհետ այն Հայաստանյան ընկերությունները և ֆիզիկական անձինք, ովքեր ցանկանում են ստանալ բանկային ծառայություններ, ձեռք բերել անշարժ գույք կամ բիզնես վարել Կալիֆորնիա նահանգում, ունեն վստահելի գործընկեր ի դեմս Գոլդեն Սթեյթ բանկի, որին կարող են դիմել Ամերիաբանկի միջնորդությամբ: Միաժամանակ, ԱՄՆ-ում գրանցված ընկերությունները և ռեզիդենտ ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն օգտվելու Ամերիաբանկի պրոդուկտներից և ծառայություններից Գոլդեն Սթեյթ բանկի միջնորդությամբ:

Սա հայկական բանկի և ամերիկյան առևտրային բանկային հաստատության միջև նմանատիպ համագործակցության առաջին փորձն է, որը ՀՀ քաղաքացիներին աննախադեպ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել անշարժ գույք Կալիֆորնիայում և օգտվել բանկային ծառայությունների լայն տեսականուց Գոլդեն Սթեյթ բանկից ֆինանսավորում ստանալու միջոցով՝ նախապես դիմելով Ամերիաբանկ: ԱՄՆ-ի ընկերությունները և ֆիզիկական անձինք, մյուս կողմից, հնարավորություն կստանան Գոլդեն Սթեյթ բանկի միջնորդությամբ ֆինանսավորում ստանալ Ամերիաբանկից՝ բիզնես գործունեություն ծավալելու կամ անշարժ գույք ձեռք բերելու նպատակով, և օգտվել բանկի այլ բազմաթիվ պրոդուկտներից և ծառայություններից (հաշիվների հեռահար բացում, քարտերի թողարկում, ավանդների ձևակերպում և այլն):

«Մենք շատ լավ ենք ճանաչում Հայաստանի բանկային համակարգը և բարձր ենք գնահատում այն: Մենք սերտ հարաբերություններ ունենք բանկային ոլորտում Լոս Անջելեսի ամերիկահայ գործարար համայնքի հետ: Ոգեշնչված ենք Հայաստանի ամենահեղինակավոր բանկերից մեկի՝ բարձր համբավ ունեցող Ամերիաբանկի հետ համագործակցության հեռանկարով, և ուրախ, որ կկարողանանք մեր հաճախորդներին տրամադրել միջնորդության ծառայություններ և առավել դյուրին դարձնել նրանց համար Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնես վարելու գործընթացը: Դա անկասկած կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը և կխթանի նոր աշխատատեղերի ստեղծումը: Միաժամանակ այս համագործակցությունը հնարավորություն կտա հայաստանյան ընկերություններին հասանելիություն ստանալ սպասարկման այն ոլորտներին և շուկաներին, որտեղ գործում է Գոլդեն Սթեյթ բանկը»,  նշեց Գոլդեն Սթեյթ բանկի գործադիր տնօրեն Թոմ Բայինգթոնը:

«Ես բարձր եմ գնահատում Գոլդեն Սթեյթ բանկի հետ այս նոր համագործակցությունը, որը հնարավորություն է տալիս մոտեցնել Հայաստանի և Կալիֆորնիայի սահմանները, երկուստեք ընդլայնել և խթանել բիզնեսի զարգացումը և հասանելի դարձնել անշարժ գույքի շուկաները: Այս համագործակցությունը կնպաստի երկու երկրների համագործակցության ընդլայնմանը, հատկապես, Սփյուռքի հետ նոր գործարար կապերի հաստատմանը»,- նշեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
 




Գոլդեն Սթեյթ Բենքորփի և Գոլդեն Սթեյթ բանկի մասին

Գոլդեն Սթեյթ Բենքորփը Գոլդեն Սթեյթ բանկի մայր ընկերությունն է: Գոլդեն Սթեյթ բանկը Կալիֆորնիա նահանգում գործող բանկ է, որը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ՝ սպասարկելով գործարար, առևտրային և մասնագիտական հատվածները: Բանկը բավարարում է իր կորպորատիվ հաճախորդների ֆինանսական կարիքները՝ տրամադրելով վարկեր շրջանառու միջոցների, սարքավորման, բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի ձեռքբերման համար, ինչպես նաև հաշվարկադրամարկղային ծառայությունների լայն տեսականի ու ավանդային պորդուկտներ ընկերությունների և նրանց սեփականատերերի համար: Գոլդեն Սթեյթ բանկը մատուցում է ծառայություններ Գլենդելում տեղակայված գլխամասի և մասնաճյուղի ու Ափլենդում գործող տարածքային գրասենյակի և մասնաճյուղի միջոցով: Մանրամասն տեղեկությունների համար այցելել www.goldenstatebank.com.

Ամերիաբանկի մասին


«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Այն նաև խոշորագույն հարկատու բանկն է Հայաստանում: 1992 թ-ից ի վեր, երբ ստեղծվեց անկախ Հայաստանի ժամանակակից բանկային համակարգը, Ամերիաբանկն առաջին բանկն է Հայաստանում, որի ակտիվները և վարկային պորտֆելը հատել են 1 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանը:
Մանրամասն տեղեկությունների համար այցելել www.ameriabank.am

Թարմացված է առ 18.01.2017 թ., 16:48
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: