HERE AND BEYOND
Արտահանման ու ներմուծման գործարքների ֆինանսավորում Ամերիաբանկի ֆակտորինգի միջոցով
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը շարունակում է ակտիվ գործունեությունը ֆակտորինգային գործառնությունների գծով` առաջարկելով իր հաճախորդներին ֆակտորինգի նոր տեսակներ, մասնավորապես` արտահանման և ներմուծման միջազգային ֆակտորինգ:

Միջազգային ֆակտորինգի հիմնական առավելությունը ֆինանսավորման այլ միջոցների նկատմամբ առաջարկվող ծառայության փաթեթային լուծումն է: Այն իր մեջ ներառում է ոչ միայն մատակարարի ֆինանսավորում, այլև դեբիտորական պարտավորությունների կառավարում և վարկային ռիսկի ապահովագրություն: Միջազգային ֆակտորինգն ունի նաև մի շարք առավելություններ ռիսկերի հեջավորման ավանդական միջոցների նկատմամբ, որոնք չեն լուծում մատակարարի մոտ շրջանառու միջոցների անբավարարության խնդիրը: Ֆակտորինգը թույլ է տալիս ոչ միայն ապահովագրել գնորդի կողմից չվճարման ռիսկը, այլև ստանալ ֆինանսավորում վճարման ժամկետից զգալիորեն շուտ:

Բանկի անդամակցությունը խոշորագույն Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ (Factors Chain International) միջազգային ֆակտորինգային միությանը հնարավորություն է ընձեռում ընդլայնել միջազգային ֆակտորինգային ծառայությունների շրջանակը հաճախորդների համար` աշխարհի ավելի քան 80 երկրներից նոր գործընկերներ ձեռք բերելու և սպառման նոր շուկաներ դուրս գալու միջոցով:

«Միջազգային ֆակտորինգի շուկան Հայաստանում զարգացման մեծ հեռանկարներ ունի: Դրան մեծապես նպաստում է նաև Հայաստանի արտահանման ծավալների և միջազգային առևտրում Հայաստանի տեսակարար կշռի աճը: 2012թ. արդյունքներով Հայաստանի արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 7%-ով: Անդամակցությունը FCI-ին մեզ թույլ է տալիս ֆակտորինգային ծառայությունների նորանոր հնարավորություններ ընձեռել հաճախորդներին՝ ընդլայնելով առաջարկվող ծառայությունների փաթեթը: Այսօր FCI-ին անդամակցում են 268 բանկեր և ֆակտորինգային կազմակերպություններ աշխարհի շուրջ 80 երկրներից, որոնք ձևավորում են միջազգային ֆակտորինգի շուկայի մոտ 80%: FCI-ը սահմանում և շրջանառության մեջ է դնում միջազգային ֆակտորինգի ստանդարտներ և համագործակցության շրջանակներում աջակցելով իր անդամներին` հնարավորություն է տալիս ունենալ մի շարք մրցակցային առավելություններ:»–ներկայացրեց Ամերիաբանկի Պարտավորությունների առուվաճառքի բաժնի ղեկավար Անժելա Խաչատրյանը:

Հայաստանում գնալով աճում է հաճախորդների պահանջարկը ֆակտորինգային ֆինանսավորման նկատմամբ: Ֆակտորինգի առավելությունները, մասնավորապես մատակարարի ուղիղ ֆինանսավորումը, առանց գրավի ֆինանսավորումը, ֆակտորինգային գործարքի շրջանակում այս կամ այն մատակարարի և գնորդի գծով որոշման կայացման ճկուն ընթացակարգը նպաստում են այս ֆինանսավորման նկատմամբ պահանջարկի աճին:

Նշենք, որ 2013թ. I եռամսյակի արդյունքներով Ամերիաբանկի ֆակտորինգային գործարքների ծավալը բանկին զիջված պարտավորությունների մասով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 36%-ով: Իսկ 2012թ. արդյունքներով Բանկին զիջված պարտավորությունների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 3.7 անգամ` կազմելով շուրջ 7 մլրդ ՀՀ դրամ: Փաստենք, որ FCI վիճակագրական տվյալների համաձայն` 2012թ.-ին ֆակտորինգային գործառնությունների ծավալը միջազգային ֆակտորինգի շուկայում աճել է միջին հաշվով 8%-ով և կազմել շուրջ 2.8 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Ամերիաբանկը շարունակելու է ակտիվ գործունեություն ծավալել միջազգային ֆակտորինգի ընդլայնման ուղղությամբ` առաջարկելով հաճախորդներին անհատականացված ու ոչ ստանդարտ լուծումներ: Ամերիաբանկի կողմից առաջարկվող միջազգային ֆակտորինգի ծառայություններից կարող են օգտվել տնտեսության տարբեր ճյուղերում գործող արտաքին տնտեսական գործունեություն ծավալող ընկերությունները, այդ թվում նաև մետալուրգիայի, մեքենաշինության, սննդամթերքի, էլեկտրոնիկայի, կենցաղային տեխնիկայի, սպառողական այլ ապրանքների արտադրությամբ, արտահանմամբ ու ներմուծմամբ զբաղվող ընկերությունները:

 

Թարմացված է առ 02.05.2013 թ., 10:09
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: