HERE AND BEYOND
ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի համագործակցությունը Հայաստանում զարգացման նոր հեռանկարներ է ստեղծում բիզնեսի համար
Մամուլի կենտրոն

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ստորագրեցին նոր պայմանագիր` 12 մլն ԱՄՆ դոլարի չափով Ամերիաբանկին վարկ տրամադրելու մասին, որից 9 մլն ԱՄՆ դոլարն ուղղվելու է Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, իսկ 3 մլն ԱՄՆ դոլարը` վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ֆինանսավորմանը: Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով կամ ՀՀ դրամով:

Փոքր և միջին բիզնեսը մեծ նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման ու կայունության համար, այն ապահովում է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 43%-ը և աշխատատեղերի մեծ մասը: ՎԶԵԲ-ի ֆինանսավորումը կաջակցի Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության առավել արագ ընդլայնմանն ու զարգացմանը, ՓՄՁ-ների համար ֆինանսավորման մատչելիությանը: Վերականգնվող էներգետիկային ուղղված ֆինանսավորումը խթան կհանդիսանա այդ ոլորտի զարգացման ու կայունության ամրապնդման, էներգախնայողության ապահովման համար ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ բնակչության շրջանում:

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի արդյունավետ համագործակցությունն արդեն ունի հինգ տարվա պատմություն, և այդ ընթացքում ՎԶԵԲ-ը Ամերիաբանկի հետ կնքել է 42 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորման պայմանագրեր:

«Մենք ուրախ ենք շարունակել մեր արդյունավետ համագործակցությունն Ամերիաբանկի հետ` զարգացնելու համար ՀՀ տնտեսության մասնավոր հատվածը: Այս վարկի շնորհիվ տեղական ձեռնարկությունները հնարավորություն կունենան օգտվելու երկարաժամկետ ֆինանսավորումից ազգային արժույթով` խուսափելով փոխարժեքների տատանման ռիսկերից: Բացի դրանից, այն կխթանի ներդրումները ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում` ապահովելով էներգիայի տնտեսումը», -ասաց ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը:

«Ամերիաբանկը բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և գտնում, որ ֆինանսավորման միջոցների ներգրավումը Ամերիաբանկի համար կստեղծի վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման նոր հնարավորություններ: Փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելը Ամերիաբանկի վարկային քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է, այս ֆինանսավորումը կմեծացնի Բանկի կողմից ՓՄՁ վարկավորման ծավալները և էապես կնպաստի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը, ներքին և արտաքին շուկաներում նրանց մրցունակության բարձրացմանը: Ֆինանսավորումը կօգնի մեծացնել նաև Հայաստանի ներքին էներգաարտադրությունը և կնպաստի էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ու էներգախնայողությանը»,- նշեց Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:


ՎԶԵԲ-ի մասին
ՎԶԵԲ-ը, որ պատկանում է 64 երկրի և երկու միջկառավարական հաստատությունների, աջակցում է Կենտրոնական Եվրոպայից մինչև Միջին և Կենտրոնական Ասիա ընկած երկրներում զանազան նախագծերի իրագործմանը: Ներդրումներ կատարելով հիմնականում մասնավոր հատվածի այն խմբերում, որոնց կարիքները տեղական շուկան չի կարող լիովին բավարարել` ՎԶԵԲ-ը աջակցում է շուկայական տնտեսության ձևավորմանը: Հայաստանում ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում սկսած երկրի անկախության հռչակման օրից և մինչ օրս արդեն իրականացրել է 613 մլն եվրոյի նախագծեր:
Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք մեր Ֆեյսբուքի կամ Թվիթերի էջը կամ www.ebrd.com:


Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Մանրամասն տեղեկությունների համար այցելել www.ameriabank.am:

Թարմացված է առ 28.03.2013 թ., 20:36
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: