HERE AND BEYOND
IFC-ն 50 մլն դոլար է հատկացրել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին՝ բանկի կապիտալն ավելացնելու և ֆինանսական միջոցների հասանելիությունն ընդլայնելու նպատակով
Մամուլի կենտրոն

21 հունվարի, 2016թ., Երևան. Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 50 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառություն է տրամադրել Հայաստանում խոշորագույն բանկը հանդիսացող «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին՝ վերջինիս կապիտալը ավելացնելու, երկրի տնտեսվարող սուբյեկտների վարկավորման հնարավորությունները և ֆինանսավորման հասանելիությունը ընդլայնելու, տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով: 

Երկարաժամկետ կապիտալ տրամադրելով՝ IFC-ն նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանի բանկային ոլորտի կայունությունը և օժանդակել Ամերիաբանկի՝ իր արժեքավոր գործընկերոջ ռազմավարական նպատակների իրագործմանը: Հաշվի առնելով Ամերիաբանկի կորպորատիվ կառավարման համակարգի բարձր որակը ու աճի արագընթաց տեմպերը՝ IFC-ի կողմից տրամադրված ստորադաս փոխառությունը կնպաստի բանկի զարգացմանը և թույլ կտա նախապատրաստվել նախնական հրապարակային առաջարկին (IPO):


«Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանն այս առիթով նշեց. «Մեզ համար մեծ պատիվ է IFC-ի վստահությունը վայելել: Այս գործարքը որակի բացարձակապես նոր մակարադակ է խորհրդանշում մեր բանկի համար այս շուկայում գործելիս։ Մենք համոզված ենք, որ այս համագործակցությունը բազում նոր հնարավորություններ կստեղծի մեր կազմակերպությունների և Հայաստանի բանկային հատվածի համար»:


IFC Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Տոմաշ Թելման ավելացրեց. «Կապիտալի միջոցներ տրամադրելով Հայաստանում մեր հիմնական գործընկեր բանկերից մեկին՝ մենք սատար ենք կանգնում դրա զարգացման ռազմավարության և հեռանկարային ծրագրերի իրականացմանը: Այս գործակցությունը Հայաստանի բանկային հատվածի կայունությանը բարձրացմանն ուղղված մեր նախաձեռնություններից է, որը ընդհանուր տնտեսական զարգացման համար վճռորոշ նշանակություն ունի»:


Հայաստանն անդամակցել է IFC–ին 1995թ.։ Այդ ընթացքում IFC-ի երկարաժամկետ ներդրումային պարտավորությունները կազմել են 233 միլիոն ԱՄՆ դոլար, ներառյալ 22.8 միլիոն ԱՄՆ դոլար՝ մոբիլիզացված այլ վարկատուներից: Այդ գումարի շրջանակներում IFC-ն ֆինանսավորել է 42 ծրագիր մի շարք ոլորտներում՝ ներառյալ ֆինանսական շուկաները, արտադրությունը, գյուղատնտեսությունը, ծառայությունները և հանքարդյունաբերությունը։ Առևտրի ֆինանսավորման իր ծրագրի միջոցով IFC-ն աջակցել է նաև 122 միլիոն դոլարից ավել արժեքով առևտրային գործարքների։ IFC-ն իրականացրել է նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված խորհրդատվական ծրագրեր։ 
 

Թարմացված է առ 22.01.2016 թ., 10:32
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: