HERE AND BEYOND
Ամերիաբանկի ցուցանիշների աճի տեմպերը 2014 թ. I կիսամյակի արդյունքներով գերազանցել են միջին շուկայական մակարդակը
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկի հիմնական ցուցանիշների աճի տեմպերը 2014 թ. I կիսամյակի արդյունքներով գերազանցել են միջին շուկայական մակարդակը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ամերիաբանկի Տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը: 

Նրա խոսքով, Ամերիաբանկի ակտիվներն I կիսամյակում աճել են 9%-ով` կազմելով 343 մլրդ դրամ: Այս ցուցանիշն ընդհանուր առմամբ բանկային համակարգում անկում է ապրել 0.7%-ով: Բանկի ընդհանուր պարտավորություններն աճել են 10%-ով` մինչև 303 մլրդ դրամ, մինչդեռ շուկայում արձանագրվել է 0.2% անկում: Ըստ որում, հաճախորդների հանդեպ բանկի պարտավորություններն աճել են 30%-ով` կազմելով 221 մլրդ դրամ, մինչդեռ այդ ցուցանիշը շուկայում աճել է ընդամենը 1%-ով: «Մեզ համար այդ ցուցանիշը խիստ կարևոր է`որպես հաճախորդների վստահության յուրօրինակ ցուցիչ»,- նշել է Գ. Թառումյանը: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը հաշվետու շրջանում ավելացել է 11%-ով` մինչև 75 մլրդ դրամ, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից բարձր է 33%-ով: Ակտիվներով, ընդհանուր պարտավորություններով և հաճախորդների հանդեպ պարտավորություններով Ամերիաբանկը I կիսամյակի արդյունքներով պահպանել է առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում:


Միաժամանակ Ամերիաբանկի վարկային ներդրումներն ընթացիկ տարվա 6 ամսում աճել են 9%-ով` հուլիսի 1-ի դրությամբ հասնելով 192 մլրդ դրամի (շուկայում աճը կազմել է ընդամենը 4%): Նշված ցուցանիշով բանկը երկրորդն է: Բանկի վարկային պորտֆելի կառուցվածքում ՓՄՁ վարկերն աճել են 15%-ով` մինչև 38 մլրդ դրամ: «I կիսամյակում մենք ընտրել ենք ՓՄՁ-ն` որպես վարկավորման թիրախային հատված, ինչպես նաև շեշտը դրել մանրածախ վարկավորման, վարկային գծերի տրամադրման վրա: Հաշվետու շրջանում բանկը նաև պլաստիկ քարտերի քանակական աճ է արձանագրել: Մենք ակնկալում ենք, որ վերջին երեք ցուցանիշների հիմնական աճը բաժին կընկնի ընթացիկ տարվա II կիսամյակին, քանի որ I կիսամյակը, ինչպես ցույց է տալիս փորձը, բանկերի համար համեմատաբար պասիվ շրջան է»,- նշել է Գ. Թառումյանը: Բանկը հաշվետու շրջանում ավելացրել է նաև հիփոթեքային վարկերի ծավալը` 10%-ով, ավտովարկերը` 11%-ով, իսկ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդները կրկնապատկվել են: Բանկի զուտ շահույթը I կիսամյակում աճել է 3%-ով` կազմելով 2.9 մլրդ դրամ (շուկայի 16%), մինչդեռ բանկային համակարգում հիշյալ ցուցանիշը կրճատվել է 13.6%-ով:

I կիսամյակում բանկի իրավաբանական անձ հաճախորդների թիվն ավելացել է 10%-ով, ֆիզիկական անձանց թիվը՝ 15%-ով:


Գ. Թառումյանի խոսքով, բանկային համակարգի հիմնական ցուցանիշների անկումը պայմանավորված է այն բանով, որ բանկերը, հաշվի առնելով վարկային պորտֆելի որակի վատթարացումը, վարկերի գծով հնարավոր կորուստների պահուստավորման նպատակով սկսել են ավելի շատ միջոցներ հատկացնել: Վարկավորման ակտիվացման նպատակով բանկերը մեղմացրել են հաճախորդներին ներկայացվող պահանջները, ինչն արդեն բացասաբար է անդրադարձել որոշ բանկերի վրա:


«Մեր բանկը դեռևս իր գործունեության պարամետրերը չի փոխել, ինչի շնորհիվ մեր վարկային պորտֆելի որակը շուկայի ցուցանիշի համեմատ ավելի բարվոք է»,- ընդգծել է Գ Թառումյանը:


Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայությունների համալիր փաթեթ: Բանկի միակ բաժնետերն է Ամերիա Գրուպ CY Ltd ընկերությունը:

ԱրմԻնֆո

Թարմացված է առ 30.07.2014 թ., 15:21
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: