HERE AND BEYOND
Հայաստանում արդեն 16 տարի է, ինչ բանկային դեֆոլտներ չկան 
Մամուլի կենտրոն

Այն մասին, թե ինչով է ՀՀ բանկային համակարգը տարբերվում ՌԴ բանկային համակարգից, որ տեխնոլոգիաներն են հանդիսանում ՀՀ բանկային համակարգի շարժիչ ուժը, և թե շուկայի կոնսոլիդացման հետ կապված ինչ ծրագրեր ունի Ամերիաբանկը, «Банковское обозрение» ամսագրին տրված հարցազրույցում պատմել է Ամերիաբանկի Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման վարչության ղեկավար Հովհաննես Խաչատրյանը: 

 

— Ինչո՞վ է ՀՀ բանկային համակարգը տարբերվում ՌԴ բանկային համակարգից:

— Առաջին տարբերությունն այն է, որ ՀՀ բանկային համակարգում չկան պետական բանկեր, այն ամբողջությամբ մասնավոր է: Այդ պատճառով առկա է թեժ մրցակցություն:  Շուկայում կան միջազգային բանկեր («Էյչ-Էս-Բի-Սի», «ՎՏԲ», «Կրեդիտ Ագրիկոլ» և այլն), որոնց հետ տեղական բանկերն արդյունավետ կերպով մրցակցում են: Դրանց թվում է Ամերիաբանկը, որը մասնավոր բանկ է և արդեն մի քանի տարի շարունակ առաջատար դիրքեր է գրավում շուկայում: 

Երկրորդ տարբերությունն այն է, որ Հայաստանում շատ ավելի խիստ է կարգավորումը, ինչի շնորհիվ վերջին 16 տարվա ընթացքում բանկային դեֆոլտի դեպքեր չեն գրանցվել: 90-ականների վերջը և 2000-ականների սկիզբը կարելի է բնորոշել որպես «մաքրման» շրջան, ինչի արդյունքում կարգավորումն էլ ավելի խստացվեց: 

Մեր շուկան ռուսականից ավելի լիբերալ է, օրինակ` չկա արժույթի հսկողություն: Բանկերի կողմից խոշոր կառավարական ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման բացակայությունը կարելի է դիտարկել թե´ որպես դրական, և թե´ որպես բացասական կողմ: Այսինքն այս առումով, բանկերն ավելի պաշտպանված են ռիսկերից: 

Տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից ռուսական բանկային համակարգի առաջատարներն ավելի զարգացած են: Այս առումով մենք նրանցից շատ սովորելու բան ունենք: Սա թերևս բացատրվում է զանազան նորարարությունների նկատմամբ երկրի ղեկավարության, ինչպես նաև, առանձին դեպքերում, տարբեր բանկերի ղեկավարների առավել պահպանողական  մոտեցմամբ:

— Ձևավորվե՞լ են արդյոք հատուկ հարաբերություններ ՀՀ և ՌԴ բանկային համակարգերի միջև: 

— Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ՌԴ բանկերի մեր գործընկերների հետ: Չնայած այն հանգամանքին, որ մեր երկրների տնտեսությունները փոխինտեգրված են, ես չէի ասի, որ ՀՀ և ՌԴ բանկային համակարգերը սերտ փոխազդեցության մեջ են: ՎՏԲ բանկի ներկայությունը հայաստանյան շուկայում փոքր է, այն հիմնականում ներառում է մանրածախ հատվածը:  

Տվյալների կառավարման կենտրոնը նախագծելիս` մենք խնդրել ենք նախատեսել պահուստային տարածք ևս 3-4 տարվա աճի հեռանկարով:

— Հաջորդ հարցը վերաբերում է տեխնոլոգիաներին: Այս տարի Softline ընկերությունը Ամերիաբանկի համար կառուցեց տվյալների մշակման կենտրոն: Ինչպիսի՞ բանկային ծառայությունների համար է այն նախատեսված: 

— Այսօր բանկային համակարգը արմատական փոփոխությունների է ենթարկվում: Արդեն իսկ պարզ է, որ բանկերը չեն սահմանափակվելու զուտ ֆինանսական ծառայությունների վաճառքով: Օրինակ` ռուսական Սբերբանկն արդեն իսկ ներկայացել է շուկայում որպես մի հարթակ, որի միջոցով հաճախորդը մեկ պատուհանի սկզբունքով կարող է օգտվել հսկայական թվով ծառայություններից: Բանկի խնդիրն է հաճախորդին առաջարկել այնպիսի ծառայություններ, որոնք վերջինս ամենայն հավանականությամբ կգնի: Այս նպատակով կիրառվում են բիզնես-վերլուծություններ, արհեստական ինտելեկտ և ուրիշ հարակից տեխնոլոգիաներ ու մոտեցումներ: Բանկերի մոտ հսկայածավալ տվյալներ են կուտակվել: Մենք տեսնում և հասկանում ենք այդ տվյալների արագ և բարդ կերպով մշակման անհրաժեշտությունը, քանի որ գիտակցում ենք, թե ապագայում ինչ է լինելու: Իհարկե, առաջին հերթին դա վերաբերում է մանրածախ պրոդուկտներին, առցանց վարկավորմանը, մոբայլ բանկինգի և այլ հեռահար ուղիների ոլորտում առավել առաջադեմ լուծումներին: Այս պահին կարևոր է կարողանալ աշխատել առկա տվյալների հետ և հարստացնել դրանք` օգտագործելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունները: Այս ամենն իր հերթին տվյալների հետ աշխատանքի նոր պահանջներ է ստեղծում, դրանց մշակման համար նախատեսված հավելվածների, ինչպես նաև հաշվողական և ցանցային սարքավորումների արտադրողականության  համար:

Տվյալների մեծ ծավալը կարելի է օգտագործել նաև մարքեթինգային որոշումների, և վարկային սահմանաչափերի սահմանման համար: Այս տեխնոլոգիաների միջոցով կարելի է կատարելագործել նաև սքորինգային քարտերը: Տվյալների մշակման նոր կենտրոնի բացման արդյունքում ձևավորված ենթակառուցվածքը թույլ կտա իրականացնել այս ամենը: Այս նախագիծը պատվիրելիս` մենք խորհրդատուին խնդրել էինք տեղադրվող սարքավորումների, կենտրոնի ինժեներական ապահովման, ինչպես նաև ցանցի թողունակության համար նախատեսել պահուստային տարածք և հնարավորություններ ևս 3-4 տարվա աճի հեռանկարով: 

—  Հիմա վարկի վերաբերյալ որոշումների կայացումն արդեն ավտոմատացվա՞ծ է: 

— Մասնակիորեն: Որոշ  պրոդուկտների գծով որոշումների կայացման գործընթացն ամբողջովին ավտոմատացված է: Մենք ցանկանում ենք թվով ավելի շատ որոշումներ կայացնել ավտոմատացված եղանակով և այդ եղանակը կիրառել ոչ միայն ֆիզիկական անձանց, այլ ՓՄՁ-ների նկատմամբ: Մեր գործընկերների (այդ թվում ռուս գործընկերների) փորձը ցույց է տալիս, որ սքորինգի կատարյալ ալգորիթմերը ոչ միայն բացառում են մարդկային գործոնը (ավտոմատացման գործընթացի շրջանակներում դա ակնհայտ է), այլև նվազեցնում են բանկի ռիսկերը: 

—  Կարելի՞ է արդյոք տեղեկատվական տեխնոլոգիաները համարել մրցակցության կարևոր գործոն:

— Մրցակցության կարևորագույն տարր մեր շուկայում դրանք դեռևս չեն համարվում: Այս ամենի հետ մեկտեղ, հաճախորդները, ելնելով իրենց պահանջներից և առօրյա սովորություններից, իրենք են թելադրում մեզ իրենց պայմանները: Եթե նախկինում անհրաժեշտ էր ջանքեր գործադրել, որպեսզի նրանք սկսեին օգտվել որոշակի տեխնոլոգիաներից, այսօր արդեն նրանք են պահանջում նորարարություններ, քանի որ հաճախորդների բազան առավել երիտասարդ և տեխնոլոգիական առումով առավել գրագետ է: Հաճախորդների` հատկապես աճող սերնդի համար այս բոլոր բջջային հավելվածները, առցանց բանկային ծառայությունները, անձնական փոխանցումները բանկային ծառայությունների պարտադիր մաս են կազմում: Ընդ որում, հայկական բանկերը դեռևս հիմնականում աշխատում են սպասարկման հին մեխանիզմներով: Որոշ բանկեր չեն էլ շտապում նոր տեխնոլոգիաներ ձեռք բերել: Սա վերաբերում է հատկապես փոքր բանկերին, որոնց համար նման որոշում կայացնելը շատ բարդ է, թանկ: Միշտ, չէ, որ նման ծախսերն իրենց արդարացնում են: Սակայն ապագան ամեն դեպքում նոր տեխնոլոգիաներինն է, և մի գեղեցիկ օր, երբ դրանք այլևս անփոխարինելի կդառնան, հետ մնացող բանկերին չի հաջողվի մեկ օրում ձեռք բերել և ներդնել նորագույն տեխնոլոգիաների ողջ տեսականին: Բանկային ոլորտի տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է անընդհատ կատարելագործել և հաճախորդների հետ միասին հասնել այնպիսի մակարդակի, որն ըստ կանխատեսումների կարող է գրանցվել 10 տարի հետո: 

Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց կողմից հեռահար ծառայությունների  օգտագործմանը, Հայաստանում դեռևս մասնագիտացված հարմար որոշումներ չկան: 

— Ամերիաբանկի կապիտալում բաժնեմասնակցություն ունի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ): Որևէ կերպ զգացվո՞ւմ է արդյոք ՎԶԵԲ-ի ազդեցությունը: 

— ՎԶԵԲ-ից բացի մեր Բանկի կապիտալում 2018թ-ի փետրվարից բաժնեմասնակցություն ունի նաև Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ): Այս կազմակերպությունները հսկայական նշանակություն ունեն տեղական (օրինակ` հայկական) ֆինանսական շուկաների համար, քանի որ սահմանում են գործունեության բարձր չափանիշներ, որոնց անհրաժեշտ է համապատասխանել ոչ միայն վարկավորվելու, այլ լավագույն դեպքերում կանոնադրական կապիտալում բաժնեմասնակցություն ունենալու համար: Սահմանված բարձր չափանիշները վերաբերում են ռիսկերի կառավարմանը, ղեկավարության և ֆինանսական հաշվետվություններին, կորպորատիվ և սոցիալական պատասխանատվությանը: Նույնիսկ եթե նրանք ուղղակիորեն մեզ չեն սովորեցնում, թե ինչպես համապատասխանել այդ չափանիշներին, դրանց համապատասխանելու համար մենք ինքներս պարզապես անընդհատ կատարելագործվում ենք` հաշվի առնելով վերջիններիս պահանջները: Քանի որ մեր Բանկը նախատեսում է մոտ ապագայում առաջնային հրապարակային տեղաբաշխում կատարել և դուրս գալ միջազգային հարթակներ, սա թափանցիկության և կանոնակարգվածության հենց այն աստիճանն է, որով մենք սովոր ենք աշխատել նշված կազմակերպությունների հետ: Երբեմն նրանք կազմակերպում են տեղեկատվության փոխանակում այլ բանկերի (ՎԶԵԲ-ի գործընկերների) հետ: Մենք հաճախ հյուրեր ենք ունենում ռուսական, միջինասիական և այլ բանկերից, իսկ մեր մասնագետներն իրենց հերթին պատասխան այցեր են կատարում նշված ֆինանսական կազմակերպություններ: Մեզ ամեն ինչ հետաքրքիր է, մենք անընդհատ սովորում ենք, իսկ ՎԶԵԲ-ը և ԱԶԲ-ն թույլ են տալիս փորձի փոխանակում անել: 

— Նախատեսո՞ւմ է արդյոք Ամերիաբանկը ներկայություն ապահովել այլ երկրներում: 

— Մենք երբեք չենք թաքցրել ռուսական և վրացական շուկաներ դուրս գալու մեր հավակնությունները: Եղել են իրական փորձեր, որոնք դժբախտաբար կամ բարեբախտաբար հաջողությամբ չեն պսակվել, և մենք մեր ուժերը կենտրոնացրել ենք Հայաստանում: Դա տվել է իր արդյունքը. մենք արդեն տարիներ շարունակ առաջատար դիրքեր ենք գրավում  կորպորատիվ հատվածում` շուկայում մեկ երրորդ մասնաբաժնով: Այժմ մենք առաջատար դիրքեր ենք սկսում գրավել նաև ՓՄՁ և մանրածախ վարկավորման հատվածներում: Հարկ է նշել, որ Հայաստանի շուկայի հնարավորությունները բավականին սահմանափակ են: Մյուս կողմից մեր երկրի տնտեսությունը համեմատաբար կայուն է և միջնաժամկետ ու երկարաժամկետ առումով առավել կանխատեսելի: Սակայն ոչինչ չի բացառվում: Այն բանից հետո, երբ ՀՀ  բանկային հատվածում կոնսոլիդացիայի գործընթացը ավարտվի, ընդ որում ավարտվի հօգուտ մեզ, կարող է տեղի ունենալ ռեսուրսների վերաբաշխում, և կսկսվի արտաքին շուկաներ դուրս գալու գործընթացը: Մենք թերևս շուտով կվերադառնանք այս հարցին: 

— Ռուսաստանում բանկերը հաճախ են դուրս գալիս այլ շուկաներ, այդ թվում ոչ բանկային: Ամերիաբանկն այս ուղղությամբ որևէ քայլեր ձեռնարկո՞ւմ է:  

— Մենք ֆինանսական կառույց ենք, մեր կարողություններն ու ուժեղ կողմերը կենտրոնացած են ֆինանսական ոլորտում: Այս պահին մենք այլ ոլորտներում մեզ փորձելու որևէ մտադրությունն չունենք: Սակայն տեսականորեն ես չեմ բացառում  որևէ այլ ոչ բանկային շուկա մուտք գործելու փորձերը: Սակայն ամեն դեպքում մենք չենք ուղղելու մեր ռեսուրսները մի ոլորտի, որից գլուխ չենք հանում: Գոյություն ունեն ֆինանսական և որոշ ոչ ֆինանսական կազմակերպությունների միջև համագործակցության տեսակներ, որոնք դիտարկվում են որպես սիներգիաներ (օրինակ` հեռահաղորդակցման ոլորտում): Այս պարագայում միաձուլումը պարտադիր չէ, կարող է լինել սերտ համագործակցություն: Բայց այժմ մենք դեռևս պայքարում ենք ֆինանսական ոլորտում բացարձակ առաջատարի կոչման համար: 

— Որքա՞ն է ներկա պահին հեռահար ծառայությունների օգտագործման տոկոսը: Սպասարկման ո՞ր տարբերակն է գերակայում` այցելությունները բա՞նկ, թե՞ առցանց սպասարկումը: 

— Բանկի հաճախորդների մեկ երրորդն ակտիվորեն օգտվում է մեր բջջային հավելվածից կամ ինտերնետ բանկինգից, մի մասը` (25%) բավականին ակտիվորեն գործարքներ կատարելու նպատակով, մյուս մասը` պարզապես հաշիվներին հետևելու և տեղեկանքներ ստանալու համար: Սակայն այս ցուցանիշը շատ արագ աճում է: Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց կողմից հեռահար ծառայությունների  օգտագործմանը, Հայաստանում դեռևս մասնագիտացված հարմար որոշումներ չկան: Մեծ ընկերությունների համար այս հարցը կրիտիկական չէ, սակայն զգալի թվով փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում հեռահար ծառայությունների նկատմամբ պահանջարկ կա, և մենք պետք է կարողանանք կարճ ժամկետում բավարարել այդ պահանջարկը:  

 


Աղբյուրը՝ «Банковское обозрение»

https://bosfera.ru/bo/v-armenii-uzhe-16-let-net-bankovskih-defoltov/

Թարմացված է առ 06.11.2018 թ., 13:35
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: