-
-
-
 |
|
1
|
|
|
1
|
|
|
1
|
|
|
1
|
|
 |
Ռիսկերի կառավարում
Ռիսկերի կառավարման քաղաքականությունը մեր ներքին հսկողության համակարգի կարևորագույն տարրերից մեկն է: Ռիսկերի կառավարումը փոխկապակցված և միասնական համակարգ է, որի քաղաքականությունը հաստատում է Ամերիաբանկի Տնօրենների Խորհուրդը: Քաղաքականությունը, կառուցվածքի մշակումն ու ներդրումն իրականացնում է ռիսկերի կառավարման ստորաբաժանումը: Իսկ ներքին աուդիտի ծառայությունը գնահատում է բանկում ներդրված ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետությունը և դրա հետ կապված հաշվետվությունները ներկայացնում է բանկի ղեկավարությանը և Տնօրենների Խորհրդին:
Այս ողջ գործընթացը նպատակաուղղված է բանկի գործունեության վրա ազդող անցանկալի գործոնների և իրադարձությունների բացահայտմանն ու կանխարգելմանը, վերջիններիս հետ կապված ռիսկերի կառավարմանը և բանկի համար ընդունելի ռիսկերի չափի նկատմամբ մշտական վերահսկողությանը: Ամերիաբանկում ռիսկերի կառավարումը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.
-
ռիսկերի կառավարման միասնական համակարգի ներդրում,
-
ռիսկերի կառավարման պրոակտիվ դերի գոյություն,
-
գործարքների ընտրելիություն` հիմնված ռիսկերի գնահատման և արդյունավետ կառավարման չափանիշների վրա,
-
չափելի ռիսկերի մասով (վարկային, շուկայական) համապատասխան սահմանաչափերի և դրանց պահպանման ուղղությամբ մոնիթորինգի հաստատում և այլն:
Բանկի ռիսկերը դասակարգվում են վարկային, շուկայական, գործառնական և այլ ռիսկերի:
Վարկային ռիսկը վարկային կամ այլ ակտիվների կորստի հավանականությունն է կամ գործընկերոջ անվճարունակության կամ վճարել չցանկանալու պատճառով առաջացած ռիսկը: Վարկային ռիսկերի կառավարման նվազագույն պահանջներին համապատասխան որոշվում են բանկի նպատակային շուկաները` վարկավորման ընդունելի տեսակները, վարկային պորտֆելի նպատակային կառուցվածքը, եկամտաբերությունը, ժամկետայնությունը, վարկային սահմանաչափերը` ըստ վարկի գումարի, ժամկետի, տոկոսի և տեսակի, գրավի առարկայի նկատմամբ հսկողության ձևերի և այլն:
Շուկայական ռիսկը շուկայական գործոնների ազդեցության ներքո ներդրումների արժեքը կորցնելու հավանակությունը կամ ռիսկն է: Այն ներառում է գնային, տոկոսադրույքների և արտարժույթների ռիսկը: Ամերիաբանկը կառավարում է շուկայական ռիսկերը` սահմանելով Stop Loss և VaR սահմնաչափերը՝ գործիքներ, որոնք նպաստում են տոկոսադրույքների ռիսկերի նվազեցնելուն: Բանկը նաև հստակ սահմանում է ներդրումային գործունեության նպատակները և ռազմավարությունը` կատարելով սահմանափակումներ ըստ արժեթղթերի վարկանիշի:
Գործառնական ռիսկը ներքին գործընթացների, մարդկանց, համակարգերի կամ արտաքին գործոնների ոչ պատշաճ գործունեության կամ աշխատանքի խափանման արդյունքում կորուստների առաջացման ռիսկն է կամ հավանականությունը: Գործառնական ռիսկերի կառավարման բարձրագույն օղակը Բանկի ղեկավարությունն է, որը պատասխանատու է գործառնական ռիսկերի բացահայտման և կառավարման համար:
Ներքին գործառնական ռիսկերի կառավարումը մենք իրականացնում ենք հետևյալ կերպ. հստակ և փաստաթղթավորված կերպով նկարագրվում են բոլոր բիզնես գործընթացները, կազմվում են վերջիններիս գործունեությունը կանոնակարգող ներքին իրավական ակտեր, բոլոր բիզնես գործընթացների և գործառնությունների համար սահմանվում են համապատասխան սահմանաչափեր, բանկի կողմից իրականացվող ցանկացած գործարքի ընթացքում կիրառվում են կրկնակի ստուգման/հաստատման սկզբունքները, սահմանվում են հաշվետվության մեխանիզմը, հաշվետվությունների տեսակներն ու պարբերականությունը և այլն:
Թարմացված է առ 26.03.2010 թ., 12:07